Թուրքիան ցանկանում է, որպես եվրոպական էներգետիկ միջանցք, Ռուսաստանի տեղը զբաղեցնել՝ գրում է The National Interest-ը։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև թշնամության ներկա բռնկումը շատ հետևանքներ կունենա։ Դրանցից մեկը, որը վերաբերում է տնտեսության ոլորտին, կանդրադառնա ոչ միայն երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսական բնական գազի՝ սկզբում Թուրքիա, այնուհետև Եվրոպա մատակարարման նախագիծն անգործության է մատնված։ Այդ նախագծում, որը ստացել է «Թուրքական հոսք» անվանումը, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն, միևնույն է, առավել մոտ էր իրագործման, քան ցանկացած այլընտրանք։ Մնում են շատ հարցեր։ Կարո՞ղ է Թուրքիան բավականաչափ էներգառեսուրսներ ստանալ՝ առանց Ռուսաստանի մատակարարումների։ Կա՞ որևէ այլ գործընկեր, որը կարող է օգտվել Թուրքիայի հետ երկկողմ համագործակցությունից, որ այդ հարաբերությունների հիման վրա Թուրքիայով Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարումներ սկսի և դուրս մղի Ռուսաստանին՝ զրկելով եվրոպացի սպառողների համար առաջատար մատակարարի կարգավիճակից։
Վերջին տարիներին Թուրքիայում գազի սպառումը կայուն ավելանում է. 2014-ին կազմել է 48 մլրդ խորանարդ մետր։ Իր գրեթե բոլոր կարիքները Թուրքիան բավարարում է ներկրման միջոցով, հիմնականում Ռուսաստանից (2013-ին՝ 57 %-ը)։ Գազի և ընդհանրապես էներգիայի սպառման աճը արդեն մի քանի տասնամյակ ուղեկցվում է թուրքական տնտեսության կայուն և զգալի աճով։ Հիմք չկա ենթադրելու, թե այդ դրական միտումը շուտով կդադարի։ Սակայն, ինչպես նշում է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը, «պահանջարկի արագ աճի պատճառով Թուրքիայում գազի տարեկան սպառման ծավալը մոտենում է երկրում ներկրման ենթակառուցվածքի տարեկան հզորության սահմանագծին (նկատի է առնվում հեղուկացված բնական գազի խողովակաշարերն ու հզորությունները)»։
Այդ պատճառով զարմանալի չէ, որ Մոսկվան ու Անկարան բանակցություններ էին սկսել «Թուրքական հոսքի» շուրջ։ Թուրքիայի համար դա քաջածանոթ գործընկերոջ հետ համագործակցության շարունակություն էր, Ռուսաստանի համար՝ պլան Բ «Հարավային հոսք» նախագծի վախճանից հետո։ «Թուրքական հոսքը» պետք է դառնար նոր խողովակաշար, որը կստեղծեր նոր հզորություններ Թուրքիա արտահանումը մեծացնելու և ռուսական գազը թուրք-հունական սահման, այսինքն՝ ուղիղ ԵՄ շեմ հասցնելու համար։ Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է. Ռուսաստանը մեղադրել է Բրյուսելին, որ նա ստիպել է Բուլղարիային դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը։ Թուրքիան ԵՄ անդամ չէ և Բրյուսելը չի կարողացել ազդել «Թուրքական հոսք» նախագծի վրա՝ չունենալով ձայնի իրավունք։ Գազատարի շինարարությունից հետո եվրոպացի սպառողները պետք է որոշեին՝ ցանկանո՞ւմ են ռուսական գազ գնել «Թուրքական հոսքից»։
Այժմ պետք է վերանայել ամբողջ իրավիճակը։ Հարց առաջին. որո՞նք են Թուրքիայի գազային այլընտրանքները։ Վարկածներն ու ենթադրությունները շատ են։ Հայտնվել են նույնիսկ տեսություններ, թե գազը Իսրայելից կգնա Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա, թեև թուրք պաշտոնատար անձինք հերքում են։ ՈՒրիշ ո՞ր երկրներն են պատրաստ գազ մատակարարել Թուրքիային։ Հաշվի առնելով Անկարայի հետ քաղաքական փոխըմբռնումը՝ կարող են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան և Կատարը։ Սակայն Սիրիայում և Իրաքում պատերազմը խողովակաշարի շինարարությունը բացառում է, իսկ հեղուկացված գազի մատակարարումները մշտապես բարդ են ու շատ թանկ։
Հաջորդ տարբերակն Իրանն է։ Երկկողմ հարաբերությունները բարդ են՝ մեղմ ասած։ Սակայն Իրանը Թուրքիայի հարևանն է և ունի աշխարհում բնական գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարները։ Բացի դրանից՝ սկսվել է պատժամիջոցները հանելու գործընթացը։ Ինչ վիրավորանքներ ու դժգոհություններ լինեն Թեհրանի ու Անկարային միջև, ԵՄ-ն ու նրա գլխավոր անդամները շատ են ցանկանում բարելավել հարաբերություններն Իրանի հետ։ Եվրոպացիները կարող են կոչ անել Թուրքիային կամուրջ դառնալ իրանական գազային պաշարների ու եվրոպացի սպառողների միջև։ Դա ճշմարտանման է՝ հաշվի առնելով արդեն 10 տարի տևած քննարկումները, թե ինչպես կարող է Իրանը նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։ Սակայն որպեսզի դա տեղի ունենա, պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել։ Դա վերաբերում է խողովակաշարերի բացակայությանը (էլ չասած հեղուկացված գազի ենթակառուցվածքի մասին) Եվրոպա կամ գոնե հարևան Թուրքիա իրանական գազի մատակարարման համար, և հարց է՝ իրանական գազային ոլորտն ի վիճակի՞ է լուծել այդ վիթխարի առաջադրանքը։ Ակնհայտ է, որ տևական պատժամիջոցներից հետո իրանական գազային ոլորտն ամենաժամանակակիցն ու արդյունավետը չէ։ Բացի դրանից՝ Իրանից նավթի ու գազի մատակարարումների հեռանկարների գնահատման ժամանակ պետք է հիշել, որ երկրի էներգետիկ ոլորտի վրա շատ ուժեղ ազդում է իրանական պետության բնույթը։ 2013-ին Էներգետիկ հետազոտությունների Օքսֆորդի ինստիտուտը հրապարակել է վերլուծություն, որ ներկայացնում է խորքային պատճառները, որոնց հետևանքով Իրանը ի վիճակի չէ դառնալ բնական գազի խոշոր արտահանող։ «Թեև պատժամիջոցները կարող են ակնհայտ պատասխան թվալ այդ հանելուկին, մինչ 2010-ը ժամանակի մեծ մասը ունեցել են շատ համեստ ազդեցություն։ Եվրոպական ընկերությունները երկար տարիներ ակտիվ համագործակցել են Իրանի գազային ոլորտի հետ։ Հիմնական եզրակցությունն է, որ շատ կարևոր են ներքին գործոնները։ Հետազոտողության հեղինակ Դևիդ Ռամին Ջալիլվանդը արձանագրում է պատճառները՝ տնտեսության մասնատված և քաղաքականացված լինելը, սուբսիդիաները, իրանական գազային ոլորտում և քաղաքականության մեջ օտարերկրյա մասնակցությունից հրաժարվելը, միջգերատեսչական կոնֆլիկտները։ Կասկած չկա, որ այդ խնդիրները լուծելի են, իսկ իրանական նավթի ու գազի մուտքը համաշխարհային շուկաներ կամրապնդի գլոբալ էներգետիկ անվտանգությունը։ Սակայն այս պահին մենք չենք կարող հաստատել, որ իրանական գազը հեշտությամբ ու արագ կբավարարի աճող թուրքական պահանջարկը, իսկ հետո ուղի կբացի դեպի եվրոպական շուկաներ։
Մնում է միայն Ադրբեջանը, որ Թուրքիայի հարևանն է, նրանց միջև հաստատված են լավ հարաբերություններ, միասին կառուցում են Անդրանատոլիական գազատարը (TANAP), որով գազն Ադրբեջանից ծրագրվում է մատակարարել Եվրոպա։ Երբ սկսվեց ճգնաժամը Մոսկվայի և Անկարայի միջև, Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեցին, թե Անդրանատոլիական գազատարի շինարարությունը կարագացվի։ Սկզբում ծրագրվում էր շինարարությունն ավարտել 2018-ին։ Ավարտի նոր ամսաթիվ դեռևս չի հայտարարվել, և շատ լավատեսական կլիներ այդ խողովակաշարն իրականացած փաստ համարելը՝ ենթադրելով, որ ժամանակի հետ հզոր հարված կհասցնի Եվրոպայի գազային շուկաներում ռուսական ներկայությանը։
Այստեղ շատ հարցեր կան։ Կկարողանա՞ Ադրբեջանը կատարել արտահանման խոստումները։ TANAP-ի համար գազի գլխավոր աղբյուր պետք է դառնա «Շահ-Դենիզ» հսկա հանքավայրը, և որ այս տարի ադրբեջանական գազի համար նախատեսված մեկ այլ խողովակաշար (Անդրադրիատիկ) ԵՄ Երրորդ էներգետիկ փաթեթից ստացել է նոր ինդուլգենցիա։ Դա տեղի է ունեցել «Շահ Դենիզի» երկրորդ փուլից Եվրոպա գազային մատակարարումների ձգձգումների պատճառով։ Նա պետք է լցնի նաև TANAP-ի խողովակները։ Անցած տասնամյակում, երբ փոխվել են աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, Վրաստանն անցում է կատարել ռուսական գազից ադրբեջանականի։ Սակայն այսօր Թբիլիսին և «Գազպրոմը» կարող են բանակցություններ սկսել Ռուսաստանից մատակարարումների մեծացման մասին, որն ապահովում է վրացական ներկրումային շուկայի 8 տոկոսը։ Վրաստանի էներգետիկայի նախարարն ընդգծեց, որ իր երկիրը ստիպված գազ կգնի «Գազպրոմից», եթե Ադրբեջանը չմեծացնի մատակարարումները «Շահ Դենիզից»։ Կա՞ն լուրջ կասկածներ, որ Բաքուն չի կարողանա կատարել այդ հանքավայրի յուրացման պլանները։ Նավթի գնի անկումը որևէ դեր կխաղա՞, Ադրբեջանի ազգային նավթային ընկերությունն է ֆինասավորում «Շահ Դենիզի» մշակումը նավթի վաճառքի եկամուտներից։ Որքա՞ն բացասական կլինեն SOCAR-ի նավթահորատող հարթակում հրդեհի հետևանքները։
Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է գտնել մինչ այն պահը, երբ կսկսվեն քննարկումները դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման հնարավոր մեծացման մասին։ Ոչ պակաս կարևոր գործոն է քաղաքականությունը։ Չնայած 20 տարի խոսում են, թե Ադրբեջանը կարող է դառնալ Ռուսաստանի համար Եվրոպայում գազի հարցով լուրջ մրցակից, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները մնում են բարեկամական։ Ադրբեջանի ղեկավարները շատ զգույշ են արտահայտվում Ռուսաստանի հետ մրցակցությունն ուժեղացնելու թեմայով՝ նույնիսկ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո։ Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվային Բաքվի վրա ազդեցության հավելյալ լծակներ է տալիս՝ զսպելով նրա ձգտումները։ Սակայն եթե հաշվի առնենք Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության պոտենցիալ դժվարությունները, պետք է հարցնենք, թե ժամանակը չէ՞, որ համաձայնի ռուսական գազի մատակարարումների «Գազպրոմի» առաջարկին։ Եթե դա տեղի ունենա, կհայտնվի՞ ռուսական գազն Անդրանատոլիական գազատարի խողովակներում, թե՞ ռուսական գազը կուղղվի ներքին սպառողների կարիքների բավարարմանը, իսկ ադրբեջանականը՝ արտահանմանը։ Ցանկացած դեպքում Թուրքիայի բոլոր փորձերը՝ բավարարել գազի իր պահանջարկը՝ առանց Ռուսաստանից հավելյալ արտահանման, կլինեն թանկարժեք և կպահանջեն վիթխարի ջանքեր։ Շուտով մենք կտեսնենք, թե ինչ ընտրություն կանի Թուրքիան, և կազդի՞ դա եվրոպական շուկաներում ռուսական գազի դիրքերի վրա։